ՀՀ-ում տարիներ շարունակ հաստատված սփյուռքահայերից շատերն այս օրերին ծեծում են մի շարք անշարժ գույքի գործակալությունների դռները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բանն այն է, որ նրանցից ոմանք շուտափույթ կերպով ուզում են վաճառել ՀՀ-ում ձեռք բերած իրենց էլիտար բնակարաններր, իսկ մի մասն էլ օր առաջ փորձում է ազատվել Սեւանի ափամերձ տարածքներում ձեռք բերած հողատարածքներից: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանցից շատերր մտադիր են «ջրի» գնով վաճառել հատկապես «Հարսնաքարի» տարածքում ժամանակին ձեռք բերած իրենց առանձնատները` գերադասելով հեռու մնալ հազար ու մի տեսակի փորձություններից: Ի դեպ, Սեւանի հարակից տարածքներում իրենց առանձնատները վաճառելու մտադրություններ ունեն նաեւ նախկին ու ներկա պետական ու տեղական չինովնիկները, որոնց կապիտալների հետ կապված առք ու վաճառքի հարցերը այս օրերին լուծում են վերջիններիս ազգականներն ու խնամիները: Թերթը նաեւ նշում է, որ այս համատեքստում խոսակցություններ են գնում այն մասին, որ չի բացառվում այստեղի իրենց ունեցած առանձնատներից ձեռք քաշեն նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ՕԵԿ-ական նախկին նախարար Մանուկ Վարդանյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: