Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթնային մասի և ձախ նստատեղի կտրտված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Գոռ Ա.-ն: Տղան հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժ.16.30-ի սահմաններում, Հակոբյան փողոցի սկզբնամասում գտնվող մարզադաշտում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից կացինով իրեն հարվածելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ա.-ին կացինով հարվածել և վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Լաերտ Մ.-ն: Գոռ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լաերտ Մ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող կացինը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























