Ավանդական Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումները պայթեցին խայտառակ ու էժանագին դրսեւորումներով` կուսակիցների խառնակչությունների սենսացիոն բացահայտումներով, կարճ ասած՝ միմյանց թքել-մրելով: ՍԴՀԿ կոնգրեսամետ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեղադրանքերով ու պառակտչական բացահայտումներով հանդես եկավ հատկապես արտակարգ համագումարի հաջորդ օրը, երբ հայտնի դարձավ նոր ատենապետը: Նա հայտարարեց նաեւ, որ կուսակցության պառակտման գլխավոր դերակատարներից մեկը երիտասարդ հնչակյան Նարեկ Գալստյանն է, որը այս պայքարում հայտնվել է, ինչպես բնութագրում են սարգսյանական հնչակյանները «իշխանությանը ծախված» հնչակյանների թեւում: NEWS.am-ի թղթակիցը Լյուդմիլա Սարգսյանի բացահայտումների ու մեղադրանքերի շուրջ զրուցել է ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանի հետ, ով, ի դեպ, վերջին ներքաղաքական իրադարձություններում աչքի էր ընկել իր ընդգծված ըննդդիմադիր հայացքներով եւ կեցվածքով:

Նարեկ, Լյուդմիլա Սարգսյանը կուսակցական խառնակչություններում գլխավոր դերակատարներից քեզ է համարում: Իր ասուլիսի ժամանակ նույնիսկ ասաց, որ Դու մեկ տարի է զբաղված ես կուսակցությունը պառակտելով, վերջին հաշվով ի՞նչն էր քեզ դրդել լծվել այդ գործին:

Բռավո ինձ, որ ես կարողանում եմ պառակտել հայ իրականության մեջ առաջին կուսակցությունը, իհարկե, սա կատակով, բայց իրականում նման բան գոյություն չունի, ես կաթիլ եմ հնչակյան օվկիանոսում: Ինչ վերաբերվում է նրան, որ ես եմ պառակտել մեր կուսակցությունը, ապա բացեք վերջին շրջանի մամուլն ու տեսեք` արե՞լ եմ ես մի արտահայտություն, որը կարող էր կուսակցության պառակտման առիթ լինել: Ընդհակառակը՝ ես միշտ կոռեկտ եմ եղել` մեր կուսակցական խնդիրը մամուլ չհանելու բարձր գիտակցությունից ելնելով: Ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց այսօր համարում են Հնչակյան կուսակցության ղեկավարություն, գործի դրեցին ընկերներին մամուլով խայտառակելու ու վիրավորելու արատավոր պրակտիկան: Ես ցավով եմ նշում, որ մենք հայտնվեցինք այսպիսի վիճակում, սակայն վիճակը հաղթահարվում է, ամեն ինչ նորմալ է, որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո, կուսակցության իրավական ստատուսը վերականգնելուց հետո մենք կշարունակենք մեր գործունեությունը:

Դու ասացիր, որ տիկին Սարգսյանի նկատմամբ առաջինը անվստահություն հայտնել է «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը՝ դեռեւս ամիսներ առաջ: Ի՞նչն էր պատճառը:

Քանի որ երեք ամիս առաջ մեր անվստահությունը մենք մամուլով չենք հայտնել, ես չեմ ուզում հիմա դրան անդրադառնալ: Հիմնական պատճառը` կուսակցականները ցանկանում էին նոր ատենապետ ունենալ, դա եղավ, վերջ: Բոլոր խնդիրները երազանքերի ու ֆանտազիաների դաշտից են:

Նարեկ, դու համաժողովրդական շարժման ակտիվ երիտասարդներից էիր, ինչպե՞ս ստացվեց, որ կուսակցության պառակտման գործընթացում հայտնվեցիր մյուս թեւում:

Հնչակյանամետ թեւում: Ես Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքային անդամ եմ: Ելնելով կուսակցական բարձր գիտակցությունից` ես եղել եմ համաժողովրդական շարժման ջատագովը, կոնգրեսամետ կամ այլ թեւեր գոյություն չունեն: Ինչ վերաբերվում է իմ վերաբերմունքին՝ կոնգրեսի նկատմամբ, այո կան տարաձայնություններ՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշման հետ: Ես` որպես անձ, իրավուքն ունեմ ունենալ իմ դիրքորոշումը, որը չի ենթադրում դադարեցնել մեր կուսակցության համագործացությունը Կոնգրեսի հետ:

Կարելի՞ է ասել` հնչակյաններին էլ է սպասում ռամկավարների ճակատագիրը, այսինքն` այս ամենի արդյունքում կկազմավորվի երկրորդ Հնչակյան կուսակցությունը:

Այս երեւույթը բնորոշ է հայ իրականության քաղաքական մշակույթին. այն մարդիկ, որ գտնվում են ատենապետի կամ նախագահի աթոռին, կարծում են, որ պապենական ավանդույթ է: Գոյություն ունի մեկ հնչակյան կուսակցություն, ռամկավարների հետ տեղի ունեցածը մեր կուսակցությանը չի սպառնում:

Իշխանության ծախվելու մեղադրանքները որքանո՞վ են իրականությանը համապատասխանում:

Ես կարծում եմ, որ տիկին Սարգսյանը իր վերլուծությունների մեջ շտապողականություն է դրսեւորել, էլ չեմ ասում, որ իր կողմից անազնիվ է նման բան խոսել` շատ լավ իմանալով ինձ ու իմ բոլոր ընկերներին, ովքեր գիշերներ են լուսացրել գրասենյակում: Նրանք այն մարդիկ էին, որ պատրաստ էին կուսակցության համար կրակի միջով անցնել եւ անցել են:

Կոգրեսը հայտարարեց, որ ճանաչում Է Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Հնչակյան կուսակցությունը: Այսուհետ ինչպե՞ս եք համագործակցելու Կոնգրեսի հետ:

Ես չեմ կարծում, որ Կոնգրեսը այն բարձրագույն մարմինն է, որ որոշի, թե որն է Հնչակյան կուսակցությունը, որը` ոչ: Կարծում եմ, որ այդ գործին շուտով իրավական լուծում կտրվի:

Զրուցեց Գայանե Գրիգորյանը