France Telecom-ի նախկին ղեկավար Դիդյե Լոմբարին կասկածում են 2008-2009թթ. ընկերության աշխատակիցների զանգվածային ինքնասպանությունների հետ կապ ունենալու մեջ. այդ ընթացքում FT-ում ավելի քան 30 մարդ ինքնասպան էր եղել:
Հուլիսի 4-ի երեկոյան նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել: Երկժամյա հարցաքննությունից հետո Լոմբարին 100 հազար եվրո գրավի դիմաց ազատ են արձակել:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Լոմբարը France Telecom-ը գլխավորել է 2005 թվականի սկզբից մինչեւ 2010-ը: Նրա ղեկավարման շրջանում ընկերությունում իրականացվել են հսկայական փոփոխություններ, արդյունքում աշխատանքից հեռացվել են 20 հազար աշխատակիցներ, իսկ 10 հազարից ավելին ստիպված են եղել փոխել գործի բնույթը:
Լոմբարն անձամբ ժխտում է, որ France Telecom-ում փոփոխություններն ու աշխատակիցների ինքնասպանություններն ինչ-որ կերպ կապված են միմյանց հետ: Նա նշել է, որ կառավարման փոփոխությունները «կենսականորեն անհրաժեշտ են եղել» ձեռնարկության համար եւ չէին կարող մարդկային ողբերգության հանգեցնել:
Լոմբարից բացի քննիչները մտադիր են հարցաքննել նաեւ France Telecom-ի նախկին այլ թոփ մենեջերների:




























