«2009 թվականին Հայաստանում որեւէ ձեռքբերում տեղի չի ունեցել: 2009-ը ապացուցեց այն, ինչը վաղուց հայտնի էր քաղաքական համակարգին ու հասարակությանը. Դա այն է, որ Հայաստանում անցումային շրջանը վաղուց ավարտվել է, սակայն այս դեպքում ոչ թե բռնատիրությունից դեպի ազատ հասարակություն, այլ դեպի ավտորիտար համակարգ, որը մոտ է բռնատիրությանը»,- դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը:

Անդրադառնալով տնտեսության վիճակին, նա ընդգծեց, որ այն ուղղակի գնում է դեպի կոլապս: «Խնդիրն անգամ ճգնաժամը չի: Այն ուղղակի խթանեց, որ բացահայտվի օլիգարխիկ համակարգը, որը ազգային անվտանգության սպառնալիք է դարձել»,- նշեց ընդդիմադիր գործիչը: Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, նրա խոսքով, 2009-ին քաղաքական հալածանքները շարունակվեցին, եւ իշխանությունը ցույց տվեց իր անմարդկային դեմքը: «Վերջին դեպքը քաղբանտարկյալ եւ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար 8 տարվա ազատազրկման պահանջն էր, որը դաժանության ու անմարդկայնության օրինակ է: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը ռեպրեսիվից բացի՝ այլ մեթոդ չունի հասարակության հետ խոսելու համար»,- նկատեց նա:

Դ. Շանազարյանը նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցածն անվանեց ռազմական հեղաշրջում, որի վառ վկայությունը պաշտպանության նախարարի 008 հրամանն է եղել, որով բանակը դրվել է մայրաքաղաքի կայազորի հրամանատարության տակ: «Դա շատ լուրջ հիմք է, որ քրեական գործ հարուցվի եւ կհարուցվի, չկասկածեք»,- նշեց նա, իսկ 2009-ի ձեռքբերումների շարքում նշեց այն, որ ՀԱԿ-ը անշրջելիորեն կայացավ որպես ինստիտուցիոնալ ու համակարգված ընդդիմություն` կառուցվածքային ու քաղաքական առումներով: «Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունը գտնվում են Կոնգրեսում»,- իր խոսքն ամփոփեց Դ. Շահնազարյանը: