Սիրիայում օրեցօր թեժացող քաղաքացիական պատերազմը ստիպում է բազմաթիվ սիրիահայերի` անվտանգություն փնտրել այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ու որքան էլ ողբերգական լինի իրավիճակը Սիրիայում, սա մի առիթ է Սիրիայից հեռանալ ցանկացող հայերին ՀՀ բերելու համար: Թվում էր, թե պետական մակարդակով պետք է կազմակերպվի սիրիահայերի զանգվածային տեղափոխումը  ՀՀ, բայց ինչ-որ պահից տարօրինակ երեւույթներ սկսվեցին` սիրիահայերի առաջ խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստան գալու ճանապարհին: Մասնավորապես, կտրուկ թանկացան Սիրիայից ՀՀ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների տոմսերը: Առաջին հայացքից` այդ ընկերությունները պարզապես ցանկանում են ստեղծված իրավիճակում լրացուցիչ եկամուտ ստանալ: Պարզվում է, սակայն, ՀՀ գալու ցանկություն ունեցողների առաջ խոչընդոտներ ստեղծելը ՀՀ իշխանությունների ոչ պաշտոնական քաղաքականությունն է: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թեւոս Ներսիսյանը թերթի թղթակցի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք շահագրգռված չենք, որ մեր Սիրիայի համայնքը քայքայվի»: Նույնը տարբեր ակնարկներով ու ձեւակերպումներով ոչ պաշտոնապես ասել են նաեւ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: Այսինքն, ՀՀ իշխանությունները, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չեն սիրիահայերին Հայաստանում ընդունելու հեռանկարով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանից արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Փաստորեն, սփյուռքահայերը մեզ պետք են միայն տրանսֆերտներ ուղարկելու, Արարատը տեսնելու համար մի քանի օրով Հայաստան գալու` պաշտոնյաներին պատկանող հյուրանոցներում աստղաբաշխական թվերով համարներ վարձելու եւ ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը արդարացնելու համար: Վերջին անգամ այդ նախարարության գոյությունը «արդարացվել էր» մեկուկես տարի առաջ, երբ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ շուքով ընդունում էր «ՆԱՍԱ»-ից առաջին հայ «տիեզերագնացը» դառնալու հրավեր ստացած Արթուր Պողոսյան անուն-ազգանունով մեկին: Հո չե՞ք մոռացել այդ պատմությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»: