ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր` հուլիսի 27-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները:

«Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, եւ պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները եւ լծակները` կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար: Հասարակությունը եւս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ եւ մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու եւ մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաեւ սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը` դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ եւ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»,-ներկայացնելով առկա խնդիրները` նշել է նախարարը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը, Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Նախարարը նշել է, որ հիմնական դպրոցներում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել` համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաեւ անհատական մոտեցման համատեքստում: Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաեւ ավագ դպրոցներում` մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց եւ հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ: Անդրադառնալով ուսուցման եղանակներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արեւելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արեւմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռեւս չկա: «Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով` շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախեւառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաեւ գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արեւմտահայերենի մասնագետների»,-ընդգծել է նախարարը: