Հայ ազգային կոնգրեսը ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ այսուհետ ամեն ուրբաթ կկազմակերպի բողոքի ակցիա: Բողոքի ակցիաներ կազմակերպելու նպատակը «քաղբանտարկյալներին», մասնավորապես` Երեւանի Կետրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ 4 ակտիվիստներին ազատություն շնորհելն է:
Այսօր` հուլիսի 27-ին, ՀԱԿ խմբակցության պատգամավորներ, մի խումբ ակտիվիստներ նորից հավաքվել են Դատախազության շենքի մոտ եւ պահանջել անհապաղ արդարացնել ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին, եւ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ով գրեթե մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:
Հիշեցնենք, որ 2008 թ մարտյան իրադարձություններից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալերին:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:



























