Որպես բանաստեղծ, պոեզիայի մասնագետ, Դո՞ւք էլ եք կարծում, որ այսօրվա հասարակության կյանքում բացակայում է պոեզիան, կամ ընթերցանությունը:

Չի բացակայում, քչացել է, ինչո՞ւ է քչացել. զանգվածային կրթության ժամանակ հասարակության ներքին հիմքը զանգվածային բացվում է, սա հենց դեմոկրատիան է: Բոլորը գրագետ են դառնում։ Դե որ բոլորը գրագետ են, ուրեմն բոլորը կարող են երաժշտություն գրել, վեպեր գրել, պատմվածքներ: Դեմոկրատիան այս առումով լավ է, սակայն տեղի է ունենում մի շատ վատ բան: Քանի որ բոլորը չեն կարող լինել բարձր որակի, քանակը այս դեպքում կանգնում է որակի դեմ: Քանակը հաղթում է որակին, որակը կորչում է:

Գրողների միության 400 անդամ կա, բոլորն էլ պետական մրցանակ են ուզում, այսինքն` լուծում են ստամոքսի հարց: Խաչատուր Աբովյանի ժամանակ էլ հո Գրողների միություն չկա՞ր, բայց նրան Երեւանից աքսորեցին Տփղիս: Նրան հերետիկոս եւ եղծվող համարեցին, քանի որ կրոնական հարցերին սահմանափակ չէր նայում, մտածում էր, որ գիտությունն էլ Աստծո տված շնորհք է եւ գիտությունն էլ աստվածաճանաչման ճանապարհ է: Աբովյանը ակտիվ հոգի էր, սխրանքներ ամփոփող գեներ: Նրանց կաքսորեն, կհալածեն, բայց այդպիսիններին հայերը ծնելու են: Ես հայկական գեների մասին բանաստեղծություններ ունեմ…

2009 թվականը Ձեզ, Ձեր գրական գործունեության համար ինչպիսի՞ տարի էր:

Նախ ասեմ, որ 60 տարիս է լրացել, հրապարակել եմ երկու գիրք եւ իմ շուրջ բավականաչափ մեծ աղմուկ էր Գրողների միությունում: Առաջին գիրքս կոչվում է «Դրախտից վերցրած ժամանակ»։ Ես պարզապես պոեզիայով մարդուն պարգեւում եմ դրախտի ժամանակ, դա մաքուր գեղեցիկ բանաստեղծական ապրումներ ու զգացմունքներ են: Մյուս ժողովածուն կոչվում է «Բալենին ժպտագինդերով»: Առաջին գիրքը իմ 40-ամյա գործունեության լավագույն բանաստեղծություններն են, իսկ երկրորդը` վերջին հինգ տարվա այն նոր մտածողությունն է, որը բերել է այդ 40 տարին, բավականաչափ տարբեր են իրարից: Ես ուրախ եմ, որ նույնը չեն:

Պոեզիան արվեստների մեջ, իմ կարծիքով, առաջատարն է, ոչ միայն Հեգելի կարծիքով… Երկու-երեք բառով դու կարող ես աստվածային գաղափար ասել: Լավագույն պոեզիան պարզեցվել, մաքրվել է:

Պարոն Կարեյան, տարին իրադարձություններով հարուստ էր նաեւ Գրողների միությունում: Դուք ԳՄ ղեկավարության դեմ պայքարող թեւից եք, այդ պայքարում որեւէ բան փոխվե՞ց:

Ես ամենակտիվ ընդդիմադիրներից էի: Բանը հասավ նույնիսկ դատարան, ակամա հարվածեցին թիկունքից, խոսում էի, պահանջում էի, ձեռք եմ բերել սկանդալիստի անուն: Ճահճի մեջ ապրում են, կարծում են` լավ են ապրում, եւ այն ճամփորդը որ ուզում է այդ վիճակից հանել, խելագարի է նմանվում: Հերետիկոս պիտի հռչակեն ինձ, կարող են այրել… Ես Գրողների միությունում ուզում էի բարեփոխումներ անել, Լեւոն Անանյանը իմ լավագույն ընկերներից է եղել, բայց պետք էր գրողների միությունում բարեփոխումներ իրականացնել: Գրականությունը համապատասխան ձեւով չի գնահատվում, պատճառը ոչ թե անհատն է, այլ համակարգը: ԳՄ-ն Ստալինն է ստեղծել, սակայն նա վաղուց չկա, Խորհրդային Միությունը չկա, բայց ԳՄ-ն շարունակում է գործել: Ես էլ ուզում էի Խորհրդային Միությունը պահել բարեփոխումներով, բայց Հակոբ Մովսեսը մի շատ կարեւոր բան ասաց, որ ինքը Ֆրանսիայի մշակույթի նախարարության աշխատակցի հետ երբ զրուցել է, նա ասել է. «Երբ որ ձեր երկրում մի բան մեռնում է, ինչու եք, անպայման, վերակենդանացնում, թողեք մեռնի, եւ ծնվի նորը»: Հետո հիշեցի, որ Քրիստոսն էլ նույնն է ասում. մինչեւ ցորենի հատիկը չմեռնի, նորը չի ծլի, ընդ որում մեկին տասը, քառասունը:
Մենք լավ գրողներ ունենք, բայց նրանց անունը ժողովրդին չի հասնում, նրանք անանուն են, մրցանակ էլ են ստանում, բայց ժողովրդին չի հետաքրքրում:

Դուք ի՞նչ լուծում եք առաջարկում:

Գլխավոր հարցը համակարգն է: Ես առաջարկում եմ, որ ասենք ԳՄ-ին պատկանող որեւէ շենք վաճառվի, նախագահությանը կից ստեղծվեն արվեստի հիմնադրամներ, որպեսզի ապահովվի ազատ մրցակցությունը: Որոշ քանակությամբ մարդիկ կխմբվեն հիմնադրամի շուրջը, ծրագրեր կներկայացնեն ու կաշխատեցնեն: Սրանք փոքրիկ բջիջներ են, բայց ամեն տեղ կլինեն, համահայաստանյան կլինի: Օրինակ, Եվրոպայում այդպես է: Իսկ ներկայիս վիճակում 400 գրող սոված-ծարավ գնում-գալիս են Միություն:

Պարոն Կարեյան, վերջապես այս տարի տեղի ունեցավ երկար սպասված համագումարը եւ ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար: Այս պայմաններում շարունակելո՞ւ եք պայքարել համակարգի դեմ:

Համագումարը նույն Խորհրդային Միության տարիների համագումարն էր, ընտրվեց նախագահություն` նույն պոլիտբյուրոն է, ընտրվեց նախագահ` նույն պոլիտբյուրոյի առաջին քարտուղարն է: Համակարգը պահպանվել է, ես պայքարում էի համակարգի ներսում եղած փոփոխությունների համար: Հիմա տեսա, որ համակարգի ներսում ոչինչ փոխել հնարավոր չէ: Մոնոպոլիա է:

Հաճախ քննադատում են այսօրվա հասարակությանը՝ ընթերցասեր չլինելու համար: Ո՞վ է մեղավոր, որ գրքի նկատմամբ անտարբերություն է տիրում:

Մոնոպոլիան է մեղավոր: Կառավարությունը որպեսզի խոսի հասարակության հետ գրական հարցերի շուրջ, այն կարող է անել միայն Գրողների միության միջոցով: Կառավարությունը ֆինանսավորում է, Գրողների միությունը որոշում է, թե ով է արժանի մրցանակների, իսկ ես ասում եմ, որ ազատ մրցակցությունը պետք է որոշի: Շենքը մեռած, շենքի ներսում մեռած, գրողները խեղճ ու կրակ, այստեղ-այնտեղ թափառում, այս պանդոկում, այն պանդոկում խմում-հարբում…

Բայց ընթերցանության ճգնաժամը համաշխարհային խնդիր է, դեմոկրատական խնդիր է: Մենք չպիտի երազենք զանգվածային ընթերցանություն, մենք պիտի ժողովրդի մեջ մտցնենք` ինչպես պաշտպանել տաղանդավորին: Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, անվանի բանաստեղծ կոչում անտաղանդին, անվանիի գիրքը վերցնում ես, տեսնում ես մեջը բան չկա, բայց այդ անվանին ժողովրդին հայտնի է բազմաթիվ մրցանակներով ու միջոցառումներով:

Ընդամենը մեկ օրից հրաժեշտ կտանք 2009-ին, Դուք ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին:

Ես Ամանորը երբեք լուրջ տոն չեմ համարել: Ինձ համար բոլոր օրերը ամանոր են: Երբ ինձ հարցնում են` ո՞նց ես, պատասխանում եմ` պայծառ, գերազանց, չքնաղ, դա ամանոր չէ, ի՞նչ է: Ես տիեզերակենցաղ եմ… Հազիվ թե որեւէ մեկը լինի այնքան երջանիկ, որքան ես եմ եւ այնքան դժբախտ, որքան ես եմ….


Զրուցեց Գայանե Գրիգորյանը