Մեր պաշտոնյաներն ամբողջ պատվիրակություններով  հաճախ մեկնում են զարգացած երկրներ` «առաջավոր փորձին» տեղերում ծանոթանալու համար, սակայն այն մեզանում կիրառել չեն շտապում: Անգամ իրենց տպավորություններով լայն հասարակայնության հետ չեն կիսվում, ուստի այդ առաքելությունը ստանձնել է տողերիս հեղինակը` ընթերցողին ծանոթացնելով,  թե Գերմանիայի մայրաքաղքում ինչպես է կազմակերպվում հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Բեռլինի բանկչությունն ավելի քան 3,4 մլն է (2009 թ. տվյալներով),  որը ոչ միայն գերազանցում է Երեւանի (1,1 մլն ` 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ), այլ Հայաստանի բնակչությանը: Հասկանալի է, որ հասարակական տրանսպորտի գործունեությունը մեր «մեթոդներով» կազմակերպելու պարագայում այդ քաղաքում լիակատար քաոս կտիրեր:

Բացի քաղաքային էլեկտրագնացքից,  Բեռլինի տրանսպորտի  հսկայական տնտեսությամբ զբաղվում է մեկ ընկերություն` «Berliner Verkehrsbetriebe» (հայտնի է որպես  BVG): Քաղաքային երկաթուղին գտնվում է «S-Bahn Berlin GmbH» ընկերության` հանրահայտ «Deutsche Bahn»-ի դուստր ձեռնարկության կառավարման ներքո: Չնայած երկու օպերատորի գործունեությանը, Բեռլինի հասարակական տրանսպորտի բոլոր ձեւերն ինտեգրված են մեկ համակարգում (ֆոտոռեպորտաժ):

Հասարակական տրնսպորտի ոլորտում գործում է «Verkehrsverbund Berlin-Brandenburg» (VBB-Tarif) համակարգը, որը թույլ է տալիս  հասարակական տրանսպորտի բոլոր ձեւերի համար միասնական սակագներ եւ տոմսեր  օգտագործել:

Երեւանում  գերթե բոլոր երթուղիները տրված են մոտ վեց տասնյակ այսպես կոչված «տրանսպորտային կազմակերպությունների», որոնք հասցնում են նաեւ բավականին շահույթ ստանալ, այնպես որ միասնական ուղեւորատոմսի մասին երազել անգամ հնարավոր չէ... Իրականում բեռլինյան հասարակական տրանսպորտը մի շարք «պլյուսներ» ունի`  ի տարբերություն մեզանում այդ ոլորտներում եղած «մինուսների»:

Առաջինը, Երեւանում քաղաքային էկելտրագնացք չկա: Բեռլինի էլակտրագնացքը իրենից բացառիկ համակարգ է ներկայացնում` 15  երթուղի, 166 կայարան եւ ընդհանուր առմամբ  331 կմ երկարություն:

Երկրորդը`  Բեռլինում հիմնականում մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ են, որոնց մեկ երրորդը` երկհարկանի: Իսկ մեզ մոտ հիմնականում միջին տեղատարողությամբ «միհարկանի» ավտոբուսներ են:

Գիշերը, երբ քաղաքը հանդարտվում է, հասարակական տրանսպորտի մի շարք երթուղիներ, այնուամենայնիվ, գործում են: Այնպես որ, ուշացած ուղեւորին միայն թանկ տաքսիները չեն սպասում:

Իհարկե, Բեռլինի հասարակական տրանսպորտի արժանիքները վերը թվարկվածով չեն ավարտվում: Բացի այդ, ծառայությունների մատուցման կուլտուրան ներառում է  նաեւ վարորդի առանձնահատուկ քաղաքավարի վերաբերմունքը ուղեւորների նկատմամբ: