Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ այսուհետ վերացվում են ամենշաբաթյա մամուլի ասուլիսները։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ մամուլի ասուլիսներ կհրավիրվեն, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Միեւնույն ժամանակ չեղյալ է հայտարարվել նաեւ հունվարի 8-ին կայանալիք ասուլիսը։

Ի դեպ այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել թուրքական հասարակության կողմից։ Վերջին շրջանում լարված են իշխանություն-զինվորականություն հարաբերությունները՝ կապված փոխվարչապետ Բյուլենտ Առընչի նկատմամբ մահափորձ կատարելու փաստի հետ։ Մահափորձի նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել էին 8 զինվորական, որոնք ցուցմունքներ տալուց հետո ազատ են արձակվել։ Ձերբակալվածներից երկուսի աշխատասենյակում հայտնաբերվել է նաեւ Թուրքիայի նախագահի եւ վարչապետի անձնական տվյալներ պարունակող երկու փաստաթուղթ։ Այս գործի կապակցությամբ շարունակվում են խուզարկությունները եւ հետաքննությունը։