Հնդեվրոպական լեզուների տեղայնացման տեսությունն ի հայտ է եկել հնդեվրոպական լեզվաբանության առաջացման հետ, եւ մինչ օրս նրա նախահայրենիքը տեղայնացվել է գրեթե բոլոր երկրներում, որտեղ բնակվում են հնդեվրոպական ժողովուրդները` Հնդկաստանից մինչեւ Իսպանիա, Միջին Ասիայից մինչեւ Եվրազիայի հյուսիսային լայնությունները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով կենսաբան Աթկինսոնի վերջին հետազոտությունը, ըստ որի  հնդեվրոպական լեզուները ծնվել են Անատոլիայում: Նշենք, որ Աթկինսոնի աշխատանքի կարճ նկարագրությունը  հրապարակվել էր «The New York Time»-ում:

«Եթե 20-րդ դարի վերջին  շրջանառության մեջ էր հիմնակնում չորս տեսությւոն` անատոլիական (փոքրասիական), բալկանյան, հյուսիսեվրոպական եւ բլրային, ապա  արդեն 21-րդ դարի սկզբից  գիտական շրջանառության մեջ է երկու տեսություն` բլրայինն ու փոքրասիականը: Տարբեր գիտնականներ տարբեր փաստարկներ են բերում: Դրանով արդեն զբաղվում են մոլեկուլյար գենետիկան, հնագիտությունը, ֆիզիկական անթրոպոլոգիան եւ այլն»,-նշեց Ա. Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Աթկինսոնին եւ Գրեյին, Ա. Պետրոսյանի խոսքով, նրանք փորձել են նոր քայլ կատարել` որոշելու համար հնդեվրոպական լեզուների միջեւ կապի աստիճանը եւ նրանց առանձնացման ժամանակը:

Սակայն, ինչպես նշեց հայ գիտնականը, ներկայումս երկու տեսությունները նորացված տարբերակներով գտնվում են  հավասար պայմաններում («հայկական տեսությունը»  համարվում է  անատոլիական տարբերակներից),  երկուսն էլ ունեն կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ:  Ինչ վերաբերում է լեզվաբաններ Աթկինսոնի եւ Գրեյի հետազոտությանը, ապա լեզվաբանական շրջանակներում նրանք այնքան էլ լուրջ չեն ընդունվում: Այնպես որ հարցը բաց է մնում: