Ապօրինի ներգաղթի եւ ահաբեկչության կանխման նպատակով Իսրայելը 250 կմ երկարությամբ պատ կկառուցի Եգիպտոսի հետ սահմանին։ Պատի կառուցման նախագիծy հաստատվել է հունվարի 10-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

Համաձայն նախագծի, որ հաշվարկված է 2 տարվա համար, կկառուցվեն երկու բաժիններ՝ մեկը Էյլատ քաղաքի մոտ, մյուսը՝ Եգիպտոսի եւ Պաղեստինի սահմանի՝ Գազայի հատվածում։

Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, որոշումն ընդունվել է՝ ելնելով երկրի անվտանգության տեսանկյունից։ Նրա խոսքով, վերահսկման ուժեղացումը չի վերաբերի փախստականներին։ «Չպետք է արգելել փախստականների տեղաշարժը, բայց չի կարելի թույլ տալ, որ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ անցնեն պատը»,- ասել է նա։

Անվտանգության պատի արժեքը կկազմի մոտ 350 մլն դոլար։