Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երեւանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի տարբերակ դպրոցի տարածքի հետ կապված:
Կրթական գործընթացի վերահսկողությունը կիրականացվի ՀՀ ԿԳՆ-ի կողմից նշանակված պատասխանատուի կողմից, ով նախարարի առաջարկով պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ: Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները:
Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանին զեկուցել են, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է՝ անկախ հանգամանքներից՝ երեխաներին ընդունել դպրոց: «Իրենց ցանկությամբ եւ ընտրությամբ՝ սիրիահայ երեխաները կարող են հաճախել նաեւ սովորական հայկական դպրոց եւ կրթություն ստանալ հայկական ծրագրերով»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























