ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Օգոստոսի 31-ին Արման Բադալյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել եւ լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի առաջին մասով»,- նշեց նա:

Մամուլի քարտուղարի խոսքով` նրա բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կանաչավուն զանգված եւ փորձաքննությամբ ապացուցվել, որ դա մարիխունա տեսակի թմրամիջոց է: Դրանից բացի`  նրա մեզի եւ մազի փորձանմուշներում եւս հայտնաբերվել են թմրաալկոլիդներ, ուստի այս մասով եւս նրան մեղադրանք է առաջադրվել: Սոնա Տռուզյանը հավելեց նաեւ, որ նախաքննությունը շարունակվում է եւ գործով ձեռք բերված ապացույցներով  հանցագործության մասնակիցներին կտրվի համարժեք իրավական գնահատական:

Նշենք, որ նոր  հոդվածով սահմանվում է  առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որը պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Արման Բադալյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերել, պահել, իրացնել, փոխադրել, կրել):

Ըստ մամուլի տեղեկությունների, Արման Բադալյանի անունը նաեւ շրջանառվում էր հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ, Սուրեն Զորոյանի սպանության գործում: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: