Հայաստանի մի քաղաքացի իր ընտանիքի հետ խախտել է հայ-ադրբեջանական սահմանն ու անցել Նախիջեւան:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում գրանցվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածի խախտման միջադեպ: ՀՀ քաղաքացի Եղիշե Պետրոսի Գեւորգյանը (ծնվ. 1958թ.), կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ (7, 6 եւ 3 տարեկան) «Երազ» մակնիշի ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, եւ հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո` անցել Նախիջեւանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից:

Եղիշե Պետրոսի Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության եւ այլ հանցանքների համար: Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են: