«Անցած ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ հասարակության եւ իշխանությունների միջեւ մի մեծ վիհ է առաջացել»,- հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը։
Նշելով, որ Հայաստանում ընտրություններն անցկացվում են «այնպես, ինչպես անցկացվում են», նա նկատեց, որ որքան էլ ցավալի, այնուամենայնիվ փաստ է, որ իրեն ժողովրդավարական եւ սահմանադրական հայտարարած երկրում ընտրություններն անցնում են զանգվածային խախտումներով եւ բռնություններով։
«Ես, որպես ԿԸՀ անդամ, թիվ 10 ընտրատարածքում ականատես եմ եղել բազմաթիվ բռնարարքների եւ օրենքի խախտումների, սակայն այդ երեւույթները լիովին կանխելն անհնար էր, քանի որ այդ ապօրինությունները հովանավորվում էին հենց ոստիկանության կողմից»,- հայտարարեց Զոյա Թադեւոսյանը։ Նրա համոզմամբ, հասարակությունը բաժանված է երկու թեւի, որոնցից մեկի ներկայացուցիչներին կարելի է համարվել սեփական իրավունքները գիտակցող քաղաքացիներ, իսկ մյուսին` պարզապես ուղղորդում են, «քշում-բերում ընտրատեղամասեր»:
Հարցին, թե ինչո՞վ կբացատրի ընտրողների պասիվ մասնակցությունն անցած ընտրություններին, Զոյա Թադեւոսյանը նշեց, որ պատճառը մարդկանց հիասթափվածությունն է։ Նա նշեց, որ կասկածում է այն փաստին, թե իրականում գոյություն ունի՞ «Ազատ հասարակություն» դիտորդական առաքելությունը, թե` ոչ, որի ներկայացուցիչները տեղամասերում բացահայտ կերպով մասնակից էին կեղծիքների ու բռնությունների: «Ես խիստ կասկածում եմ, որ նման հասարակական կազմակերպություն առհասարակ գոյություն ունի»,- ասաց նա։




























