Ս.թ. սեպտեմբերի 9-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներին էր այցելել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործընկեր երկրների զինծառայողների զինվորական տողանի ընթացքում Հայաստանում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զեկուցեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումներն ամբողջությամբ տեղակայվել են «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում եւ պատրաստ են օրեր անց կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը:
ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ողջունեց զինծառայողներին եւ հաջողություններ մաղթեց` հույս հայտնելով, որ առաջիկա զորավարժությունը կնպաստի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության հետագա բարձրացմանը:
Այնուհետեւ հրամանատարական կազմի առջեւ հանդիսավոր երթով անցան «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները, ինչից հետո ուղեւորվեցին ՀՀ ՊՆ վարչական համալիր: Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեցին «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային ստորաբաժանումների միջեւ անցկացվող մարզական միջոցառումները: Ազգային ստորաբաժանումների ֆուտբոլի, վոլեյբոլի եւ պարանի ձգում մարզաձեւի հավաքականների միջեւ ընթացող մրցաշարերի հաղթողները եզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվեն սեպտեմբերի 18-ին:
Հավելենք նաեւ, որ Հայաստան ժամանած զորախմբերն այս օրերին մասնակցում են էքսկուրսիաների: ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին:





























