Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի քայլերին: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարները նշել են, թե երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար եւ քննարկել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունների, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում դիրքորոշումների համադրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ տնտեսական նախագծերի իրականացումը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը հայկական կողմի երախտագիտությունն է հայտնել 2009թ. Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի կայունացման վարկի տրամադրման համար: