Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի նախագծի ներկայացման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես NEWS.am-ին նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը դիմելով ներկաներին նշել է. «Մենք գտնվում ենք մի շատ նվիրական տեղում: Այստեղ հանգչում են մեր ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր` երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, եւ նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են, բայց կա մի համեմատություն, որ ամենամոտն է ճշմարտությանը: Նա հայ երգ ու երաժշտության Մաշտոցն է: Այս զուգահեռի օգտին խոսող ամենահամոզիչ փաստարկը հենց Կոմիտասի բառերն են. «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելեւէջներեն կը ծնի ու կը ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն եւ համապատասխանող երաժշտությունը»:
Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն ազգակերտող առաքելություն. այսինքն` նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության եւ ինքնության պարտադիր բաղադրիչ: Չկա հայի ինքնություն եւ ինքնագիտակցություն առանց Մաշտոցի կամ Կոմիտասի: Սա արդեն փաստ է:
Կոմիտասը թողել է հսկայական ժառանգություն, որի պատառիկ-մասունքները դեռ շարունակում են հայտնաբերվել աշխարհի տարբեր անկյուններում: Բայց իհարկե ավելի կարեւոր է ոչ թե քանակը, այլ այդ ժառանգության որակն ու բնույթը: Հասկանալով այս ամենը` մենք օրինաչափ ենք համարում, որ Հայաստանում ստեղծվի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն եւ ժամանակի հրամայական:
Ենթադրում եմ եւ շատ կուզեի հավատալ, որ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը պիտի դառնա լրջագույն կենտրոն թե՛ հայ, թե՛ օտար ուսումնասիրողների համար: Կոմիտասը վեր է հանել ոչ թե պարզապես երգեր, այլ մի ամբողջ քաղաքակրթական շերտ, որ պետք է խոստովանենք, մենք դեռ ամբողջովին չենք մարսել, չենք դարձրել հայ եւ համաշխարհային երաժշտասեր հասարակայնության լիարժեք սեփականությունը: Կոմիտասը չպետք է լինի կուռք, որին պաշտում են, բայց չեն ճանաչում: Կոմիտասը պետք է լինի մեր մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը, մեր ինքնության կատարելագործման կարեւորագույն գործոններից մեկը, պիտի շարունակի մեզ ուղղորդել արդեն 21-րդ դարի բարդ քառուղիներում:
Կոմիտասը ֆիզիկապես չմեռավ 1915 թվականին, բայց մեր գիտակցության մեջ նա Մեծ Եղեռնի նահատակներից մեկն է, որովհետեւ նրան հայ ժողովուրդը եւ աշխարհը կորցրեց իբրեւ բացառիկ գործչի հենց այդ ժամանակ: Կարծում եմ, որ Կոմիտասի եւ մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երեւանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց Եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ եւ հոգեւոր գործիչներ: Այդ մասին ես էլ մեկ անգամ արդեն խոսել եմ:
Եվ օգտվելով այս առիթից` կոչ եմ ուղղում Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր բարերարներին ու բոլոր ցանկացողներին մասնակից լինել այս նվիրական ձեռնարկին: Սրբոց Նահատակաց Եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը եւ լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»։




























