Հնագետ Արսեն Բաբոխյանը վերջերս է վերադարձել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում կատարված պեղումներից, որոնք ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն անց էր կացնում Հալեի եւ Թյուբինգենի համալսարաններից ժամանած գոծընկերների հետ համատեղ:

Ի՞նչ գտան մեր հնագետները մ.թ. ա. IV հազարամյակի երկրորդ կես – I հազարամյակի սկիզբ թվագրված հնագույն բնակավայրում եւ ի՞նչ խնդիրներ են հուզում հայ երիտասարդ գիտնականներին այսօր: Այդ մասին Արսեն Բաբոխյանը պատմել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Մենք պեղել ենք բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանի բնակավայր: Բնակավայրի կենտրոնում բացվեց մի մեծատոհմիկ մարդու դամբարան: Արշավախումբը վաղերկաթեդարյան դամբարան պեղեց նաեւ հարակից Նորաբակ գյուղում: Պեղումների ընթացքում, ի թիվս այլոց, հայտնաբերվեցին նաեւ բազմաթիվ բրոնզե եւ երկաթե առարկաներ: Այս տարածաշրջանն ամենաքիչ ուսումնասիրվածն է Հայաստանում, թեեւ հնում ռազմավարական մեծ նշանակություն է ունեցել:

Ուրախալի է հատկապես այն, որ պեղումներին անմիջականորեն մասնակցել են ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության եւ ազգագրության ամբիոնի ուսանողները:

Արսեն, դուք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից կազմակերպված՝ միջազգային պարբերականներում հրապարակումներ ունեցող երիտասարդ հասարակագետների մրցույթի մրցանակակիրներից  եք։ Շնորհավոր։ Որքանո՞վ եք կարեւորում նմանատիպ մրցույթների անցկացումն ու միջազգային գրախոսվող ու ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրությունները խրախուսելը։

Նմանատիպ մրցույթներն իրականում անիմաստ եմ համարում: Գիտությունը պետք է ֆինանսավորվի պետության կողմից եւ ոչ մեծահարուստների: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի երիտասարդ գիտնականներին, ստեղծի առողջ մրցակցության մթնոլորտ, որպեսզի նրանք արդյունավետ գործունեություն ծավալեն եւ տպագրվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրանից դուրս: Ինչ վերաբերում է ազդեցության գործակից ունեցող պարբերականներին, ապա նրանց շարքում բացակայում են բազմաթիվ նշանավոր պարբերականներ եւ այդ ցուցակը խիստ պայմանական է: Իրականում ազդեցության գործակիցը կիրառելի է էապես  բնագիտության բնագավառում:

Կարծում եք, որ գիտնականի գործունեության արդյունավետության գնահատման կարեւորագույն չափանիշ պետք է լինի միջազգային պարբերականներում տպագրություննե՞րը։

Չափազանց կարեւոր է, երբ գիտնականը տպագրվում է միջազգային պարբերականներում, ինչը վկայում է գիտական ձեռքբերումների բարձր մակարդակի մասին: Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ գործընթացը սկսում է հայրենիքում եւ մայրենի լեզվով: Անհրաժեշտ է բարձրացնել գիտական մակարդակը Հայաստանում եւ ինքնին կշատանան միջազգային հրապարակումները:

Որքանո՞վ են հայաստանյան պատմաբանները տեսանելի միջազգային գիտական ասպարեզում։ Արդյո՞ք բազմաթիվ հայերենով հոդվածներն ընթերցվում են արտերկրում ու հղվում համաշխարհային գիտական միջավայրում։ Որքանո՞վ եք կարեւորում Ձեր ոլորտում Հայաստանից անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով տպագրված հոդվածների առկայությունը միջազգային պարբերականներում։

Հայ պատմաբանները հազվադեպ են տեսանելի միջազգային գիտական ասպարեզում, իսկ հայերեն հոդվածներն ընթերցվում են միայն հայկական միջավայրում: Օտար լեզվով տպագրվում են հիմնականում զուտ հայագիտական հանդեսներում: Խիստ կարեւոր են օտարալեզու հրատարակությունները, որոնք ունեն միջազգային հնչեղություն: Մենք իրականում կարող ենք դիմագրավել մեր հակառակորդներին ոչ թե «տեղային հայրենասիրությամբ» (ինչը խիստ տիպիկ է ժամանակակից մեր հասարակությանը) այլ բարձր գիտական որակով եւ սիստեմատիկ մտածողությամբ:

Որքա՞ն է կազմում Ձեր աշխատավարձը, եթե գաղտնիք չէ։ Պահանջու՞մ եք արդյոք գիտության ֆինանսավորման ավելացում, եւ եթե այո ու եթե դուք լինեիք լիազոր մարմինը, ապա ֆինանսավորման ավելացման դեպքում որտե՞ղ կանեիք առաջին ներարկումը կամ առաջին ներարկումները:

Եկեք իմ եւ իմ նմանների աղքատավարձի մասին չխոսենք: Պահանջել պետք է ոչ թե գիտության ֆինանսավորման, այլ սովորական հարգանքի ավելացում: Եթե գիտության թեկնածուն կարող է վճարվել 50 հազար դրամ, իսկ դոկտորը քիչ ավելին, փաստը խոսում է այն մասին, որ պետությունն ինքը հարգանք չունի գիտելիքի եւ գիտության նկատմամբ (չնայած վերադասներն ամեն օր հեռուստատեսությամբ պնդում են հակառակը): Որպես կանոն, իմ եւ իմ նմանների եկամուտների զգալի մասը արտասահմանից է գալիս, ինչը շատ հաճախ վկայում է այն մասին, որ մեզանով ավելի շատ հետաքրքրված են դրսում, քան ներսում. սա շատ ցավալի է: Ոչ թե պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը, այլ պետք է փոխել համակարգը (ավելի շուտ ստեղծել համակարգ), որում կհարգվի մրցունակ եւ լուրջ գիտելիքը:

Զրուցեց Անահիտ Սարգսյանը