Բելգիական Գենտ քաղաքի մարմնավաճառները հաջորդ ամսվանից պետք է ծածկվեն եւ դադարեցնեն իրենց լուսամուտներից հատուկ մտքեր առաջացնող շարժումները: Այս մասին հայտնում է բրիտանական «The Daily Telegraph»-ը:

Հոկտեմբերի 1-ից «աշխատող կանայք» ստիպված կլինեն հետեւել կանոններին, հակառակ դեպքում կտուգանվեն 120 եվրոյով: Տեղական նոր կարգի համաձայն մարմնավաճառները, ովքեր օր ու գիշեր աշխատում են ամստերդամյան ոճով` լուսամուներից նեոնային լուսավորության ներքո, ստիպված կլինեն հարմարվել եւ խուսափել անցորդների առջեւ սեքսուալ դիրքեր ընդունելուց:

Քաղաքապետ Դանիել Թերմոնը France-Presse գործակալությանը  նշել է, որ նա «դեմ չէ մարմնավաճառներին»: «Ես մաքրակրոն չեմ,-ասել է նա,-բոլորովին ոչ: Այնպիսի քաղաք,  ինչպիսին Գենտն է,  մարմնավաճառների կարիք ունի, բայց նրանք պետք է հետեւեն հստակ կանոններին»: Այժմ կանանց արգելվում է «մերկ կամ ներքնազգեստով, լողազգեստով կամ թափանցիկ հագուստով» հայտնվել, ինչպես նաեւ «պարել լուսամուտների վրա» կամ էլ «սեռական հարաբերություններ ակնարկող ձեւեր ընդունել»: