Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանում բավականին լարված ներքաղաքական իրավիճակ է: Այդ մասին սեպտեմբերի 22-ին  մամուլի ասուլիսում ասաց բանախոս, վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Վրաստանի Գլդան բանտում տեղի ունեցած վայրագությունների մասին տեսագրությունների հրահրած աղմուկը հանգեցրել է ՆԳՆ  նախարար Բաչո Ախալայայի հրաժարականին: «Վրաստանի հասարակությունը իր դժգոհությունն է արտահայտել վրացական բանտերում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, իսկ երիտասարդները շարունակում են բողոքի ակցիան` պահանջելով նաեւ երկրի դատախազի ու արդարադատության նախարարի հրաժարականը: Վերջին իրադարձությունները ակնհայտ դարձրեցին այս ոլորտում տեղ գտած թերացումները»,-սաց վրացագետը:

Հարցին` թե ինչպիսի արձագանք է եղել Վրաստանի հայ համայնքի կողմից ու արդյոք բռնությունների ենթարկվածների թվում եղել են հայեր, նա հայտնեց, որ հայեր կարող էին լինել, իսկ վրացահայ գործիչները դատապարտել են վայրագությունները ու պահանջել իշխանություններց պատժել մեղավորներին:

Անրադառնալով հոկտեմբերի 1-ին Վրաստանում  նախանշված խորհրդարանական ընտրություններին` բանախոսը նշեց, որ տեղի ունեցածը կարող է էապես գցել իշխող վարչակարգի վարկանիշը ու փոխարենը ամրապնդել ընդդիմադիրների դիրքերը: Իսկ ինչ վերաբերվում է հայաբնակ շրջաններում քարոզարշավի անցկացմանը, ապա, նրա  կարծիքով այն գրեթե բացակայում է: «Վրացահայերը հիմնականում կպաշտպանեն ներկա իշխանություններին: Ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության դիրքերը, մասնավորապես Սամցխե- Ջավախեթիայում, ամուր չեն։ Դա պայմանավորված է լրատվամիջոցների ու ինֆորմացիայի պակասով, ինչպես նաեւ իշխանությունների կողմից ընդդիմադիրների քարողարշավի ձախողմամբ»,- ասաց Մելիքյանը ու ամփոփեց. «Ջավախքում մենք չունենք քաղաքական կուսակցություն։ Հայ քաղաքական գործիչները  ներկայացված են տարբեր կուսակցություններում, իսկ հայ համայնքի դերը երկրի ներքաղաքական գործընթացներում աննշան է։ Անհրաժեշտ է, որ ազգային փոքրամասնությունները ինֆորմացված լինեն ու ինտեգրվեն երկրի քաղաքական գործընթացներին»: