Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ: Շնորհավորելով «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. «Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջեւ, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաեւ գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջեւ, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված եւ վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այուհետ եւս լինելու է շարունակական:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. « Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:
Երեւանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է եւ արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:
Հանդիպման վերջում «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով:
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ն էլ Երեւանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ «Արծիվ» հատուկ նշանակության զորագնդի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաեւ «Արծիվ մահապարտների» միություն ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում:




























