Հատուկ քննչական ծառայությունը հունվարի 15-ին հարցաքննության է հրավիրել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին:

Վերջինս մինչ այդ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր համար անակնկալ չի լինի, եթե իրեն մեղադրանք առաջադրեն հունվարի 10-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 տեղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի համար:

Հիշեցնենք, որ Մակեյանի, նրա որդու եւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձի վրա էին հարձակվել մոտ երկու տասնյակ սափրագլուխներ եւ դաժան ծեծի ենթարկել, որից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտնվել էին հիվանդանոցում: Ըստ Մակեյանի՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները, փոխանակ սաստեին սափրագլուխներին, բռնել էին իր որդու ձեռքերը, որ հարձակվողների համար ավելի հեշտ լիներ իրենց ծեծելը: Դեպքից հետո ոստիկանությունը մեղադրել էր Մակեյանին՝ իբր սադրանք հրահրելու եւ իշխանական թեկնածուի մտերիմներին ծեծելու համար:

«Քանի որ այդ բանդան դեղերի ազդեցության տակ էր, սկզբում մտածում էի՝ կարո՞ղ է ինքնագլուխ են փորձել գործել, բայց ոստիկանի հիստերիայի մեջ ընկնելը, նաեւ ոստիկանության ու դատախազության պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրենք առնվազն փորձում են պաշտպանել, պարտակել այդ հանցագործներին, իսկ եթե ստացվի՝ մեզ վրա քրեական գործ հարուցել։ Ոչ մի բան զարմանալի չէ. 1 տարի, 4 ամիս ինձ պահել են։ Հիմա ի՞նչն է խանգարում»,- նշեց Մակեյանը:

Վերջինս նշել է նաեւ, որ իրենց շատ վատ են վերաբերվել նաեւ հիվանդանոցում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի խնամուն՝ Արա Մինասյանին:

Ի դեպ, Մակեյանն անդրադարձել է նաեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ իր հասցեին արած վիրավորական արտահայտություններին եւ նշել. «Մեռածների մասին կամ չեն խոսում, կամ գովում են, հիմա ես մեռածների, քաղաքական դիակների մասին որևէ խոսք չեմ ուզում ասել»: