Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 28-ին, նորից հետաձգվել է «Փուչիկների» գործով դատական նիստը:

Ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը նոր էր ներգրավվել դատաքննությանը եւ հավելյալ ժամկետ է խնդրել գործխի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 11-ը:

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին կայացած նիստում Սերոբ Բոզոյանն ընդունել էր իր մեղքը եւ արագացված դատաքննություն պահանջել:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: