Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հեծանվային երթը կրում էր «Մենք չենք ծխում» խորագիրը։

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, բացի բժշկական համալսարանի ուսանողներից, միացել էին նաեւ երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այլ բուհերի ներկայացուցիչներ։ Իսկ նպատակը, հեծանիվ վարելով, առողջ ապրելակերպի քարոզումն է։ Նա նաեւ նշում է հեծանվի առավելությունները. այն էկոլոգիապես մաքուր, խցանումներ չառաջացնող փոխադրամիջոց է, նվազեցնում է մարդկային զոհերի հավանականությունը։ Ըստ Կարեն Ակոպյանի՝ պատահական չէր ընտրված երթ-ուխտագնացության օրը. սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Հեծանվորդները նաեւ օրհնություն ստացան Մայր տաճարում։

«Հեծանիվ+» էկոմարզական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը նշում է, որ հեծանիվներն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում հանրության շրջանում։ «Շատերն են այսօր ցանկանում առօրյայում օգտագործել հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց, սակայն մի փոքր վախենում են մեր երթեւեկության պայմաններում։ Նման ակցիաներով մենք մարդկանց շրջանում փորձում ենք սեր սերմանել հեծանվի նկատմամբ, իսկ սկսնակ հեծանվորդներին սովորեցնում ենք երթեւեկության կանոնները, պրակտիկ դասընթացներ ենք անցկացնում»,- ասում է Սամվել Հովհաննիսյանը։ Նա նաեւ նկատում է, որ Հայաստանում առայժմ հեծանվային տրանսպորտի համար համապատասխան պայմաններ չկան, եւ հույս հայտնում, որ շուտով դրանք կապահովվեն։