Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե–Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու առիթով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետ Տարոն Մարագրյանը շնորհավորել է հյուրերին՝ սրբատեղի-տաճարի բացման կապակցությամբ: «Վստահ եմ, որ սրբատեղին կդառնա հայաստանաբնակ եզդիական համայնքի հավաքատեղիներից մեկը։ Եզդիների համայնքը առանձնահատուկ դեր ունի Երեւանի հասարակական կյանքում: Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը մեր մեծ համայնքում եւ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում համագործակցել ու աջակցել նրանց։ Եզդիների համայնքը, ինչպես նաեւ երեւանաբնակ բոլոր ազգային փոքրամասնությունները, Երեւանի տարբեր մշակութային կենտրոններում միջոցառումներ իրականացնելու հնարավորություն ունի, այդուհանդերձ, բոլորովին վերջերս մենք առաջարկել ենք եզդիական համայնքին Երեւանում մշակութային կենտրոն ունենալ»,- հյուրերին ներկայացրել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համայն եզդիների հոգեւոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե–Միրա Թախսին Բեգը հիշատակել է հայերի եւ եզդիների պատմական անցյալում ձեւավորված բարեկամությունը եւ համոզմունք հայտնել, որ այն շարունակվելու ու առավել սերտանալու հիմքեր ունի, ինչի ապացույցը նաեւ Հայաստանում տեսած ջերմ հյուրընկալությունն է:
Երեւանաբնակ եզդիների համայնքի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Երեւայնում եզդիների կեցության եւ գործունեության պայմանները եւ գոհունակություն հայտնել քաղաքապետարանի կողմից ցուցաբերված աջակցության եւ մշտական ուշադրության համար:





























