Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հոկտեմբերի 3-ի առավոտյան, ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ արձանագրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ ըստ «Ընտրական օրենսգրքի»` ԿԸՀ-ն մեկշաբաթվա ընթացքում նիստ կհրավիրի, կընդունի արձանագրությունը եւ թափուր մանդատը կհանձնի կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Այսինքն, Թեւան Պողոսյանին պատգամավորական մանդատը կհանձնվի մինչեւ հոկտեմբերի 10-ը, եթե մինչ այդ նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացնի:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել էր խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի` եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից: Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի