Գեղարքունիքի մարզում ուղեւորուհի Սրբուհի Ն-ն 24-ամյա Լ. Ա-ից ծխախոտ է խնդրել, սակայն վարորդը ծխախոտի գլանակի մեջ լցված թմրանյութ է հյուրասիրել, որից հետո այդ գլանակից օգտված Սրբուհի Ն-ի եւ մյուս ուղեւորների տրամադրությունը բարձրացել է սկսել են առանց առիթ ծիծաղել, մինչեւ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
24-ամյա Լ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 11-ին Գազ-31029 մակնիշի ավտոմեքենայով , որի ուղեւորներն են եղել Սրբուհի Ն-ը, Թումիզար Մ-ը եւ Գ. Ա-ը Գավառ քաղաքից մեկնելիս են եղել Արծվանիստ գյուղ, Նորատուս գյուղի տարածքում ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղին նստած ուղեւոր Սրբուհի Ն-նն ասել է «տղաներ, էն ծխախոտը տվեք ծխեմ»: Դրանից հետո Լ. Ա-ը մատնացույց է արել ավտոմեքենայի փոխանցման տուփի ձողին հարակից տարածքը եւ ասել,որ այդտեղից վերցնի ծխի, որից հետո Սրբուհին նշված տեղից վերցրել է «Գառնի» տեսակի կապույտ գույնի գրառումներով ծխախոտի տուփ, դրա միջից հանել եղած ծխախոտի գլանակներից պատահական մեկ հատ, իր մոտ եղած կրակայրիչով վառել , ծխել երեք ծուխ, որից հետո ավտոմեքենայի հետեւի նստատեղի աջ հատվածում նստած մյուս ուղեւոր Գ.Ա-ի պահանջով փոխանցել է նրան, վերջինս էլ է ծխել մի քանի ծուխ եւ փոխանցել Լ. Ա-ին: Վերջում գլանակը նետել են դուրս:
Սրբուհի Ն-ն իր ցուցմունքում ասել է, որ ինքը Լ. Ա-ին խնդրել է, որ նրա «Գազ» 31029 մակնիշի ավտոմեքենայով մեկնեն Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը իր դուստր Հ-ի բնակարան: Լ. Ա-ը չի մերժել եւ մեքենայում դեղի աղջկա տուն ուղեւորվելու ճանապարհին տեղի են ունեցել վերոնշված իրադարձությունները: Սրբուհի Ն-ն ասել է նաեւ, որ այդ ծխախոտի ծուխը եղել է իսկական ծխախոտի ծուխից տարբեր եւ ունեցել է յուրահատուկ հոտ: Դրանից հետո իրենց վարքագիծը փոխվել է` տարօրինակ են դարձել, սկսել են առանց առիթի ծիծաղել: Երբ հետ են վերադարձել Գավառ քաղաք, Սայադյան փողոցի սկզբնամասում ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, իրենց հրավիրել ոստիկանության Գավառի բաժին, որտեղ կատարել են իրենց ավտոմեքենայի զննություն: Այդ ընթացքում ավտոմեքենայի առջեւի աջ նստատեղի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային տարրա, որի մեջ եղել է կանաչավուն զանգված 16 գրամ քաշով: Ավելի ուշ պարզվել է, որ Լ.Ա-ը 2010 թվականից հաշվառման մեջ է գտնվում Գավառի մասնաճյուղ «Հոգեկան առողջության կենտրոն» հոգեբուժական կաբինետում` թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն ախտորոշմամբ: Հետեւաբար` դատարանը քննության առնելով գործը որոշել է Լ.Ա-ին ազատել քրեական պատասխանատվությունից եւ պատժից: Նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն եւ հարկադիր բուժում` ըստ բնակավայրի:





























