«Անկարան ցանկանում է զինվորական միջամտությամբ դաս տալ հարեւան Սիրիային, միաժամանակ, սակայն, խուսափում է Դամասկոսի հետ մեծ պատերազմից»,- գրում է ավստրիական «Die Presse» օրաթերթն՝ անդրադառնալով հոկտեմբերի 3-ի միջադեպին, երբ Սիրիայի տարածքից բաց թողնված հրետանային հարվածից Թուրքիայի տարածքում 5 մարդ էր զոհվել:
Թեման մշտապես պահելով իր ուշադրության կենտրոնում՝ ավստրիական պարբերականն առցանց հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանակներում՝ պարզելու նրանց մոտեցումը Սիրիայի հարցում: Թերթն ընգծում է, որ մասնավորապես Ֆրանսիան դեռեւս ակտուալ է համարում ռազմական միջամտությունը Սիրիայում, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը, ընդհակառակը, կտականապես դեմ են արտահայտվում նման գործելաոճին:
Արդյո՞ք միջազգային հանրությունը պետք է ռազմական միջամտություն ցուցաբերի Սիրիայի հարցում՝ այս պահի դրությամբ ընթերցողների 33% -ը պատասխանել է «այո»: 12 % -ը կարծում է «ոչ, սակայն փոխարենը անհրաժեշտ է համարում էլ ավելի խստացնել տնտեսական պատժամիջոցները»: Մնացած 55% -ը պատասխանել է «ոչ, Արեւմուտքը չպետք է առհասարակ խառնվի»:





























