Էջմիածնի Մայր Աթոռի տանիքը վերոնորոգվելու է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Վերջին օրերին Ս.Էջմիածին այցելողները նկատել են Մայր Տաճարի տանիքին շինարարական տախտակամածերը: Պարզաբանման համար NEWS.am-ը դիմեց Մայր Աթոռի ներկայացուցչին:
Տ. Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով, որեւէ վերանորոգման կամ շինարարական աշխատանք ներկայիս չի կատարվում: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ուսումնասիրվում է Մայր Տաճարի ծածկասալերի քարերի վիճակը: Այդ նպատակով մասնագետներ են հրավիրվել նաեւ Իտալիայից, եւ հայ մասնագետների հետ համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության կկատարվեն կանխարգելիչ ու վերանորոգչական աշխատանքներ` տաճարի ծածկերը ու գմբեթներն որեւէ տեսակի քայքայումից պաշտպանելու համար», - հայտնեց Տեր Վահրամը:





























