ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու են բարձրացնում կոմունալ ծառայությունների սակագները: Նրա խոսքով, գազը Հայաստանի սպառողների համար 95 դրամ է՝ 1 խորանարդ մետրի դիմաց, որը նշանակում է, որ 100 խմ դիմաց նրանք վճարում են 350-400 դոլար եւ որեւէ կապ չունի, որ ռուսական գազը 154 դոլարից դառնում է 180 դոլար: Բագրատյանը տեղեկացրեց, որ եթե Հայաստանում 1 խմ ջրի դիմաց սպառողը վճարում է 182 դրամ, ապա Ուկրաինայում դա 82 դրամ է, Ադրբեջանում ավելի էժան: Դա այն դեպքում, երբ 21 միլիարդ խմ ջուր է գտնվում Կովկասում, որի մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին:

«Աղբյուրից ջուրը ինքնահոս գալիս է, ինչո՞ւ պետք 182 դրամ լինի: Ինչո՞ւ Կիեւում էլեկտրաէներգիան 8 դրամ է, իսկ մեզ մոտ` 30 դրամ, այն դեպքում, երբ մենք գազը գնում ենք 154 դոլարով, իսկ Ուկրաինան 450 դոլարով: Կիեւում թոշակառուն ստանում է 120-150 դոլար եւ այդ գումարով նորմալ ապրում է: Միջին ուկրաինացին 5 անգամ ավելի լավ է ապրում քան միջին հայաստանցին: Եւ այսքանից հետո դամբուլ-դամբուլ խոսում են, իրենց համար աշխարհ են ստեղծել, ասում խոսում են: Այնքան են հեռացել հասարակությունից, որ խոսում են հայկական աշխարհից»,- ասաց նա:

Այնուհետեւ Բագրատյանը համեմատություն անցկացրեց նաեւ սպառողական այլ ապրանքների միջեւ: 2008 թվականին շաքարավազը Կիեւում արժեցել է 140 դրամ, 2009-ին` իջել է 116 դրամի, իսկ Հայաստանում այն 300 դրամ է: Դա այն դեպքում, երբ Ուկրաինան շաքարավազը ներմուծում է: Ձեթը Հայաստանում 650-700 դրամ , իսկ Մոսկվայում` մոտ 300 դրամ: Նա դա բացատրեց նրանով, որ այդ բոլոր ապրանքները Հայաստան ներկրում է մեկ բիզնեսմեն, իսկ մյուսներին թույլ չի տրվում շուկա մտնել: Նախկին վարչապետը հիշեց, որ մի քանի տարի առաջ մեկը որոշել էր կարագ ներմուծել Հայաստան, սակայն մաքսատանը այնքան էին պահել, որ լրիվ փչացել էր: