Ծննդաբերությունից հետո հոկտեմբերի 5-ին մահացած 29-ամյա Մանուշակ Գալստյանի մոտ, ըստ մասնագետների նախնական ախտորոշման, գրանցվել է թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը եւ ավելացրեց, որ ամբողջ աշխարհում այս ախտորոշման դեպքում մարդու կյանքը հնարավոր է փրկել մինչեւ 10 տոկոս դեպքերում: Այսինքն` սա այն հիվանդությունն է, որի դեմ հաճախ բժշկությունը անզոր է լինում:
Կարինե Սարիբեկյանը տեղեկացրեց, որ 29-ամյա Մանուշակ Գալստյանը նախ 40 շաբաթական հղիությամբ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ին ընդունվել է Գյումրի ծննդատուն: Դա Մանուշակ Գալստյանի 4-րդ հղիությունն է եղել եւ 3-րդ ծննդաբերությունը: Հաջորդ օրը բժշկական ցուցումներով կինը ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով եւ ծնվել է տղա երեխա բավականին խոշոր` 4 կգ 200 գրամ քաշով: Ծննդաբերությունից հետո կինը իրեն լավ է զգացել, բայց հոկտեմբերի 3-ի երեկոյան անսպասելի եւ կտրուկ վատացել է:
«Արագ միջոցներ ձեռնարկելուց հետո նրա վիճակը կայունացել է: Ինձ զանգել են եւ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո որոշել ենք նրան տեղափոխել: Հոկտեմբերի 4-ին գիշերը 3-ի սահմաններում նա արդեն ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- մանրամասնեց Կարինե Սարիբեկյանը:
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետը ավելացրեց, որ Առողջապահության նախարարին անմիջապես զեկուցել է կատարվածի մասին եւ, թե կլինիկայի մակարդակով, թե նախարարության կողմից ամեն ինչ արվել է կնոջ կյանքը փրկելու համար, սակայն սա այն դեպքն է, երբ անկախ ջանքերից շատ դժվար է լինում փրկել կանանց կյանքը: Եւ հոկտեմբերի 5-ին ժամը 11.00-ին հիվանդանոց ընդունվելուց 32 ժամ հետո արձանագրվել է կենսաբանական մահ:Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննության, որից հետո նոր միայն պարզ կդառնա մահվան կոնկրետ պատճառները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծննդաբերությունից հետո հերթական ողբերգական մահն է գրանցվել Գյումրիում: Ծննդաբերությունից օրեր անց մահացել է 29-ամյա Մանուշակ Գալստյանը: NEWS.am-ի տեղեկություններով վերջինս հոկտեմբերի 2-ին կեսարյան վիրահատության է ենթարկվել Գյումրիում: Սակայն երկու օր անց առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նրան ծայրահեղ ծանր վիճակով հոկտեմբերի 4-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում ժամեր անց նա մահացել է: Նրան կեսարյան վիրահատության էին ենթարկել պտղի մեծ լինելու պատճառով: Նշենք, որ նորածինը տղա է, Մանուշակի երրորդ երեխան է: Մյուս երկուսը աղջիկներ են:





























