Երեւանի թիվ 1 եւ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում այսօր` հոկտեմբերի 8-ից մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը: Պոտենցիալ թեկնածուները կարող են առաջադրման փաստաթղթերը ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 18-ը, ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամբել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:

Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Առաջադրվելու մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ավելի վաղ հայտնել էր առաջադրվելու մտադրության մասին, հայտարարություն է տարածել եւ նշել, թե նպատակահարմար չի գտնում առաջադրվել:

Թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է գործարար Արման Սահակյանի թեկնածությունը: