Հունվարի 15-ին, ժամը 23.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի եւ ազդրերի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության ստանալու է տեղափոխվել 1975 թ. ծնված Արսեն Պետրոսյանը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե ժամը 23.00-ի սահմաններում, երկաթգծի «Մասիս» կայարանի տարածքում գտնվող ձկնաբուծարանի պահակատանը «Վալտեր» տիպի ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով նա երկու կրակոց է արձակել եւ ստացել նշված վնասվածքները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Վալտեր» ատրճանակը, 2 պարկուճ եւ 1 գնդակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: