Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ այսօր՝ հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել:
Շենքի մոտ հավաքված բազմությունը, լսելով Փաշինյանի ազատազրկման լուրը, սկսել է վանկարկել «Մարդասպաններ» եւ այլ կարգախոսներ: Ոստիկաններն ու հավաքված կարմիրբերետավորները հարձակվել են բազմության վրա եւ ուժ կիրառել:
Ոստիկանների հարվածներից տուժել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ու այլք: Ապա կարմիրբերետավորները, ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ, ուժով փորձեցին ցրել հավաքվածներին, սակայն տեսնելով, որ հավաքվածները վճռական են տրամադրված, ընկրկեցին եւ թույլ տվեցին, որ բազմությունը կամովին ցրվի:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:




























