Հայաստանն արդեն կանգնած է բռնապետության շեմին: Այս ընթացքում Հայաստանը անցում կատարեց ավտորիտարիզմից բռնապետություն: Այդ մասին հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճիռը՝ 7 տարվա ազատազրկում։

«Իրավական մասով ասեմ, որ մեղադրողը „Զանգվածային անկարգությունների կազմակերպում“ հոդվածով պահանջել էր վեց տարի, դատավորը կիրառեց յոթ տարի, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ սա քաղաքական դատավճիռ է»,- նկատեց Շահնազարյանը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանից առանձնապես սպասելիքներ չկային: «Դատարանը հստակ պատվեր կատարեց: Իհարկե շատերի համար անսպասելի էր, որ յոթ տարի նշանակվեց: Բոլոր դեպքերում, ամեն գնով ուզում են Փաշինյանին պահել անազատության մեջ: Սա խայտառակ դատավարությունների շղթայի մեկ օղակն է»,- ասաց Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեղադրվում էր քր.օր.-ի 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) հոդվածներով, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին հարվածել է մի ոստիկանի, իսկ 2008թ. մարտի 1-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ Մյասնիկյանի արձանի մոտ: Մեղադրող Կորյուն Փիլոյանը պահանջել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, ընդ որում 2 տարի՝ 316-1 հոդվածով, 6 տարի՝ 225-1 հոդվածով: Դատավորը Փաշինյանին արդարացրել է 316-1 հոդվածով, իսկ 225-ով դատապարտել 7 տարվա ազատազրկման: