Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է «Հանուն կյանքի» նախաձեռնության բաց նամակին:

Նախաձեռնության հեղինակները հոկտեմբերի 8-ին մամուլում բաց նամակ են հղել ԼՂՀ վարչապետին` բարձրացնելով մի կարեւորագույն հարց, այն է՝ հղիությունների արհեստական ընդհատումների մտահոգիչ քանակի նվազման ուղղությամբ հետեւողական աշխատանքի անհրաժեշտությունը: «Ողջունելով հասարակական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող սրտացավությունն ու նախաձեռնողականությունը՝ պարզաբանեմ, որ այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաեւ` իմ սեւեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր, նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը, պարտադիր կերպով հոգեբանա-բացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր»,- նշել է վարչապետն ու հավելել. «Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ, այդ թվում` աչքի առաջ ունենալով նաեւ «Հանուն կյանքի» նախաձեռնության առաջարկությունները: Համապատասխան կառույցների հետ քննարկելով հատուկ հանձնաժողովի ձեւավորման գաղափարը՝ կփորձենք մոտ ապագայում ձեռնհաս մասնագետներից ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձեւավորել խնդրո առարկայով զբաղվող մի կառույց»: