Ստամբուլում սկսվել են «Ակոսի» խմբագրության դիմաց 3 տարի առաջ նույն այս օրը՝ հունվարի 19-ին սպանված հայտնի պոլսահայ հասարակական գործիչ, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակի արարողությունները։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ակոսի» խմբագրության դիմաց մոմեր են վառվում եւ Դինքի հիշատակը հարգողները ծաղիկներ են դնում։ «Ակոսի» խմբագրություն են եկել Դինքի կինը եւ երեխաները։
Միեւնույն ժամանակ, ինչպես եւ մի քանի օր առաջ հայտարարվել էր, իրենց հիշատակի երթն է անցկացրել նաեւ թուրք մտավորականներից բաղկացած խումբը, որոնք կրել են Հրանտ Դինքի նկարով դիմակներ, ձեռքերում ՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Ի հեճուկս ֆաշիզմի՝ իմ եղբայրն ես Հրանտ», «Օրը կգա եւ ոճրագործները ժողովրդին հաշիվ կտան» կարգախոսներով պաստառներ։
Մեկ այլ խումբ, որի մասնակիցների ձեռքերում կային «Հրանտի ոճրագործներից հաշիվ պահանջենք» եւ այլ կարգախոսներով պաստառներ, Թաքսիմ հրապարակում հայտարարություններով հանդես եկավ եւ այնուհետ շարժվեց Ակոսի խմբագրության կողմ։



























