Տաղանդն այնպիսի մի բան է, որ բոլորն ունեն դրանից, սակայն ոչ բոլորն են կարողանում բացահայտել այն։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի երաժիշտ Միշել Լեգրանը։

«Եթե ճակատագիրն ինձ հնարավորություն տա ապրել, ես մտադիր եմ բալետային երաժշտություն գրել»,- նշել է Լեգրանը։ Ապագայի իր ծրագրերի մասին խոսելիս նա նշել է, որ արդեն իսկ երաժշտություն է գրել ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Զիզի Ժանմերի համար։

Լեգրանը նաեւ տեղեկացրել է, որ ներկայումս նոր ֆիլմերի վրա է աշխատում, այս անգամ որպես կոմպոզիտոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր։

Երաժիշտը խոսել է նաեւ իր արմատների մասին՝ նշելով, որ բազմաթիվ անգամներ այցելել է իր հայրենիք՝ Հայաստան. «Մորս ազգանունը Տեր-Միքայելյան է։ Իմ պապը ստիպված է եղել թողնել հայրենիքն այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության լծի տակ»։ Նրա խոսքով, ինքը Երեւանում գտել է իր հարազատներին եւ զարմիկներին։ «Ինձ համար ընտանիքը մեծ նշանակություն ունի։ Ես չորս երեխա ունեմ»,- ասել էնա։

Լեգրանը պատմել է, որ իր մի աղջիկը՝ Դոմինիկը, ավտոարշավորդ է։ Երկրորդը՝ Էժենին, միջազգային կարգի հեծյալ է, որդին՝ Էրվեն՝ կոմպոզիտոր, իսկ Բենջամինը՝ երգիչ։

«Իմ աղջիկները էքստրիմի սիրահարներ են, իսկ որդիներս շատ խելացի են։ Իսկ ե՞ս։ Ես շատ պահանջկոտ եմ, ինձ հետ այնքան էլ հեշտ չէ։ Իմ կինն իսկական հրեշտակ է։ Առաջվա նման սիրում եմ վարել ինքնաթիռս։ Երբ դու երկնքում ես, դու կարծես ամենազոր ես կամ ավելի ճիշտ՝ թռչուն»,- նշել է երաժիշտը։