Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008թ. մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր:Այդ մասին ասված է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի՝ հւնվարի 19-ին տարածած հայտարարության մեջ:
«Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց՝ հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ ոչ մեկը: Եւ ընդհակառակը՝ դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները»,- նշել են ՀԱԿ պատասխանատուներն ու հավելել. «Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը»:
Ըստ ՀԱԿ-ի՝ Դատարանը, վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով արհամարհել է ԵԽԽՎ-ի բանաձեւերում ամրագրված այն պահանջը, որ չի կարելի պատիժ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել, բռնության չեն դրդել եւ բռնության կոչ չեն արել:
«Կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է` ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից: Այն ապացուցեց, որ վարչախումբը ոչ միայն մտադիր չէ որեւէ ետքայլ անել բռնապետության, ապօրինության ու ահաբեկչության խորացման իր ընտրած ուղուց, դրանով իսկ երկիրը գլորելով դեպի անխուսափելի կործանում: Այդ կործանումն անխուսափելի է ցանկացած երկրում, որտեղ սահմանադրական կարգը փոխարինված է խուժանապետությամբ, որտեղ ոտնահարվում են օրենքներն ու արդարությունը, եւ իրական հանցագործները դատում են անմեղ մարդկանց»,- նշել է ՀԱԿ-ն ու նկատել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է «որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն, ինչը նա, ամեն մի տրամաբանությունից ու բանականությունից հեռու այս քայլով փորձում է քողարկել կեղծ ինքնավստահությամբ»:
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























