Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման իսկական բում է: Հոկտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիտորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը, Հայաստանում գործում են 134 փոքր ՀԷԿ-եր, իսկ 69-ը գտնվում են կառուցման փուլում:

Ա. Բուդաղյանի տեղեկացմամբ՝ այդ գործող փոքր ՀԷԿերն ունեն 210 մՎտ հզորություն եւ արդեն ի վիճակի են արտադրել 675 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, իսկ դա մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 8%-ն է: Մեր գնահատականներով՝ եթե մյուս ՀԷԿ-երի կառուցումն ավարտվի, ապա փոքր հիդրոկայանների արտադրած էլեկտրաէներգիայի գումարային հզորությունը կգերազանցի 1 մլրդ կՎտ.ժամը, իսկ դա արդեն ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի մոտ 14%-ն է: Համեմատության համար նշենք, որ Մեծամորի ատոմակայանը 2011 թ. արտադրել է մոտ 2.5 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաէներգիա:

Փոքր ՀԷԿ-երի նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունը պատահական չէ: Փոքր ՀԷԿերը չեն դասվում բարձր շահութաբերների դասին, սակայն բիզնեսի համար հեռանկարային ուղղություն են: Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 2 մՎտ հզորությամբ ՀԷԿ կառուցելու համար 2-3 մլն դոլար ներդրումը բավարար է: Անգամ եթե ՀԷԿն աշխատի միայն գարնան ու աշնան ամիսներին` ներդրումների ետվերադարձն ապահովվում է 7-8 տարիների ընթացքում: Դրանից հետո այն սկսելու է գերշահույթներ ապահովել սեփականատիրոջ համար, քանի որ ձրի ռեսուրս է օգտագործում: Չմոռանանք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոքր ՀԷԿ-ից (բնական ջրահոսքի դեպքում) 2012 թ. հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի գնման սակագին է սահմանել 23.461 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Սա բավական բարձր սակագին է, եւ անուղղակի խթանում է փոքր ՀԷԿ-երի շինարարությունները: Առավել եւս, որ էլեկտրաէներգիան շուկայում իրացնելու խնդիր չկա` պարզապես պետք է միանալ ՀԷՑ-ի համակարգին:

Նշենք, որ ներկայում գործող 134 փոքր ՀԷԿ-երի միջին դրվածքային հզորությունը մոտ 1.56 մՎտ է: Սակայն կառուցման ընթացքում գտնվող ՀԷԿ-երի միջին հզորությունն ավելի մեծ է` 2.2 մՎտ:

Թվում է` փոքր ՀԷԿ-երի շինարարության նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրությունը խրախուսելի է: Չունենալով ածխաջրային պաշարներ` Հայաստանը պարզապես այլընտրանք չունի, քան զարգացնել վերականգնվող էներգետիկան: Սակայն վերջին շրջանում բնապահպանական կազմակերպությունները սկսել են դժգոհություններ արտահայտել փոքր ՀԷԿ-երի գործունեությունից: Դրանք պայմանավորված են որոշ փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ընթացքում ի հայտ եկած բնապահպանական խնդիրներով: Պահանջ կա ընդհանրապես դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցումը` մինչեւ փորձագիտական համապատասխան չափորոշիչների սահմանումը:

Նշենք սակայն, որ փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն ստանալն այնքան էլ հեշտ չէ անգամ ներկայիս գործող կարգով: Կառուցելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է հանրային ծառայություննրը կարգավորող հանձնաժողովին ներկայացնել փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ` բնապահպանական փորձաքննություն, ջուրօգտագործման թույլտվություն, հողի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության որոշում, քաղաքաշինության նախարարության եզրակացություն: Այս ամենին զուգահեռ` դեռ պետք է ստանալ այն համայնքի թույլտվությունը, որի վարչական սահմաններում կառուցվելու է ՀԷԿ-ը: Սա արդեն Օրհուսի կոնվենցիայի պահանջն է, ու չի կարելի ասել, թե Հայաստանում այն չի կիրառվում: Այսպես` հոկտեմբերի 12-ին Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած հասարակական լսումների արդյունքում բացասական եզրակացություն է տրվել «Մոլբերտ» ՍՊԸ-ի կողմից «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծին, ու այդ շինարարությունը տեղի չի ունենա: Իրականում համայնքների մեծ մասը շահագրգիռ է փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում, եթե իհարկե բնապահպանական նորմերը կոպտորեն չեն խախտվում: Մեր կարծիքով` հատկապես պետք է հրաժարվել նույն գետի վրա մի քանի ՀԷԿ կառուցելու գաղափարից, քանի որ բնապահպանական խնդիրները մեծամասամբ ի հայտ են գալիս հենց այդ պատճառով:

Սամվել Ավագյան