Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ, հունվարի 19-ին կարճել է փաստաբաններ Դիանա Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի դեմ հարուցված քր.գործը՝ քր. օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների պաշտպանի հայցի հիման վրա, հունվարի 14-ին կայացած նիստում հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):

Երեք փաստաբաններին դատում էին Երեւանի քրեական դատարանում 2008թ. հոկտեմբերի 31-ին՝ ի նշան դատավոր Եվա Դարբինյանի ապօրինի պահվածքի՝ դահլիճը լքելու համար: Դատավորը դիմել էր՝ փաստաբաններին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, եւ փաստաբանների դեմ քր.գործ էր հարուցվել:

Մհեր Խաչատրյանը գործը կարճել է հենց ՍԴ կայացրած որոշման հիման վրա, սակայն, ինչպես NEWS.am-ին հայտնեց Դիանա Գրիգորյանը, դատավորը փորձել է իր վճռում վերապահումներ անել՝ շահարկելով «հանցակազմ» եւ «հանցադեմ» հասկացությունները՝ գործի հարուցումն ինչ-որ կերպ արդարացնելու համար: