Հայաստանի 81,7 հազ. ֆերմերների համար Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամի միջոցներից ծախսվել է 16,6 մլն դոլար: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չհերքեց, որ գյուղացիների վերապատրաստման նպատակով իրոք հատկացվել են գումարներ «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում, սակայն չցանկացավ կոնկրետ գումար ասել՝ խոստանալով հետագայում պատգամավորին գրավոր տեղյակ պահել: «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ընդհանուր արժեքը 32 մլն դոլար է:

Ն. Զոհրաբյանը պնդեց, որ ծախսվել է 16,6 մլն դոլար, եւ ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: «Բոլորս պետք է նպաստենք, որ այդ գումարները ծախսողները հանրության առջեւ ապացուցեն իրենց անմեղությունը»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ համեմատություն արեց Վ. Օսկանյանի գործի եւ սույն փաստի միջեւ՝ ասելով, որ 181 հազ. դոլարի համար խնդրում են խորհրդարանի աջակցությունը, իսկ տվյալ դեպքում խոսք է գնում միլիոնավոր դոլարների անարդյունավետ ծախսման մասին: