Հայաստանի Տավուշի մարզում Գետահովիտ եւ Ենոքավան գյուղերի մերձակայքում Խաչաղբյուր-2 փոքր հէկ-ի կառուցման ընթացքում, ըստ ուսումնասիրությունների նախնական արդյունքների, տեղի է ունեցել շեղում նախագծից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցմանը:

Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկություններ: «Դժգոհությունները հիմնականում առաջանում են նրանից, որ ոչ թե թույլտվության ընթացակարգերն են սխալ իրականացվել, այլ շինարարության ընթացքում նախագծային շեղումներ են լինում, օրինակ՝ ապօրինի ծառահատումներ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Սակայն Զ. Փոստանջյանը չհամաձայնեց նախարարի այդ դիտարկմանը, ասելով, որ թույլտվությունների ընթացակարգերը նույնպես խախտվում են: Այսպես՝ Գետահովիտ համայնքում հանրային լսումներ չեն իրականացվել: Բացի այդ՝ Խաչաղբյուր-1 գործող հէկ-ի պատճառով վնասվել է գետի ձկնուղին, ու կարմրախայտը համարյա վերացել է: Բացի այդ՝ կառուցապատման թույտվությունները տրվել են Ենոքավանում շինարարության համար, սակայն շինարարությունն իրականացվել է Գետահովիտում:

ՀՀ բնապահպանության նախարարը խոստացավ պատասխանատվության միջոցներ կիրառել բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի նախագծից շեղումների փաստը: