«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանին այսօր՝ հունվարի 21-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբն այդ կապակացությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է.
«Մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված. կազմակերպված խոչընդոտի: Այսօր` հունվարի 21-ին լրանում է փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետը, իսկ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները օրվա ընթացքում որեւէ կերպ չեն կարողանում գտնել նրա գտնվելու վայրը` համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: ԱԱ մեկուսարանից նրանց պատասխանել են, թե Ն. Փաշինյանին տեղափոխել են „Նուբարաշենի“ մեկուսարան, ինչը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ: Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ ներկայացնելուն խոչընդոտելու մանր ժուլիկություն է` նկատի ունենալով, որ խնդիրը պետք է լուծվի ժամերի ընթացքում: Մենք պահանջում ենք անմիջապես հնարավորություն տալ փաստաբաններին Ն. Փաշինյանի հետ հանդիպելու ու փաստաթղթերը ստորագրելու համար»:
Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր խմբագրին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























