«Պատկերացնո՞ւմ եք, որ համանախագահները հայտարարեին, թե հույս չունենք, որ առաջիկա 2-3 տարիներին որեւէ առաջընթաց կլինի բանակցություններում»,- այսպիսի պատասխան տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս խոսում են այն մասին, որ հնարավոր է միջանկյալ հայտարարություն կամ փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Է. Նալբանդյանի խոսքով, եթե համանախագահները հայտարարեն, որ ոչինչ էլ չի լինելու, բնական հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչի համար է ընթանում կարգավորման գործընթացը, ինչու են ընթանում բանակցությունները: «Բայց ասել, որ մոտ ժամանակներս բեկում կարող է լինել, ես չէի ասի»,- ընդգծեց նա՝ չբացառելով, սակայն, որ եթե Ադրբեջանը ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի, ամեն բան էլ կարող է լինել:




























