Ռուսաստանը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է այն սահմաններով, որը նշել է Միխայիլ Սահակաշվիլին։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Վերջինս նշել է, որ Վրաստանի կողմից դրսեւորած ագրեսիայից արդեն անցել է մեկուկես տարի եւ Ռուսաստանն այդ ժամանակահատվածում ճանաչել է երկու նոր պետությունների՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը , քանի որ միայն այդպես էր հնարավոր ապահովել այդ պետությունների գոյատեւումն ու անվտանգությունը։
«Ռուսաստանն ամբողջությամբ ճանաչում եւ հարգում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն այն սահմաներով, որոնք նշել է Սահակաշվիլին՝ առանց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի։ Բացի այդ, մենք մեր դիվանագիտական կապերը չենք խզել Վրաստանի հետ, մեղավորը մենք չենք, որ դադարեցվել է պաշտոնական շփումը»,- նշել է Լավրովը։
Մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի հաճախակի հանդիպումները Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողայդելիի հետ, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի առջեւ պարտավորություն չի ստանձնել, որ հանդիպումներ չի ունենա այս կամ այն քաղաքական գործչի հետ։
«Մենք երբեք ոչ մեկի առջեւ պարտավորություն չենք ստանձնել եւ միջազգայի փորձում եւս ընդունված չէ հրաժարվել հանդիպել այս կամ այն քաղաքական գործչի հետ, լինի դա Վրաստանի, թե մեկ այլ երկրի ներկայացուցիչ»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։




























