2010 թվակականին Հայաստանի վերահսկիչ պալատի խնդիրը պետք է լինի իրավապահների հետ ակտիվ աշխատանքը։ Այս մասին հունվարի 22-ին Հայաստանի Վերահսկիչ պալատում կայացած հանդիպմանը պալատի աշխատակիցներից պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ «Վերահսկիչ պալատը վեր է հանում խնդիրները, չարաշահումները, վատնումների փաստերը, բայց լուրջ, աղմկոտ գործեր չեն առաջանում, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն դատապարտվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում: Հարցադրումները օբյեկտիվ են. այս առումով 2010-ին կարծում եմ ձեր խնդիրը պետք է լինի նաեւ շատ ակտիվ աշխատել իրավապահների հետ. ակնհայտ է, որ բոլոր այն փաստերը, որ հնչում են, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են նաեւ լինում, բայց մյուս կողմից էլ միշտ չէ, որ թերությունը բավարար է, որպեսզի մարդուն քրեական պատասխանատվության կանչես»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խստապահանջ եւ հետեւողական լինել ասածների նկատմամբ եւ վեր հանած թերությունները մինչեւ վերջ վերացնելու գործում. «Սա չափազանց էական հանգամանք է»:

Նախագահը նշեց, որ ՎՊ-ի 2009 թվականի գործունեությունից գոհունակության զգացում ունի: «Ասածս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, եւ զարգանալու տեղ չկա: Ընդհակառակը, նշանակում է, որ դուք սկսել եք աշխատել նորմալ եւ անպայման մենք պետք է եւ ակտիվանանք, եւ խորացնենք ինչպես գիտելիքները, այնպես էլ բարելավենք աշխատանքի որակը»,- ասաց նախագահը՝ ավելացնելով, որ 2010 թվականին ՎՊ-ն պետք է աշխատանքն ավելի լավ ներկայացնի հասարակությանը, եւ նշված թվերն ու փաստերը պետք է ավելի համոզիչ լինեն։

Նախագահը Վերահսկիչ պալատի աշխատակիցներից պահանջեց, որ լինեն ավելի սկզբունքային՝ թերությունների վերացման գործում։ «Մի մտածեք, որ եթե որեւէ պաշտոնյա կամ ձեր բարեկամները խնդրում են կամ փորձում են ճնշում գործադրել, որպեսզի զերծ մնաք այս կամ այն գործին հետամուտ լինելուց: Սա չափազանց էական է: Մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա իր հարազատին, ընկերոջը, ցանկացած պաշտոնյային ոչ ասել, որովհետեւ եթե մարդը, որից կախված է ուրիշների աշխատանքին գնահատական տալը, օբյեկտիվությունը վեր հանելը, չկարողանա ոչ ասել, նա չի կարող աշխատել պետական պաշտոնում»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ Հայաստանում պետական միջոցների նկատմամբ ոտնձգությունը կրկնակի հանցագործություն է, քանի որ երկիրն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ հարկատուների միջոցները պետք է առավել արդյունավետ ծախսել։ «Շատ բաներ կարելի է պետական պաշտոնյաներին ներել, բայց պետական միջոցին ձեռք գցած պաշտոնյան պետք է լինի ամենից զզվելի մարդը մեր հանրության մեջ»,- ասաց նախագահը՝ ընդգծելով, որ այդպիսի մթնոլորտ ձեւավորելու գործում ՀՀ Վերահսկիչ պալատի դերակատարությունը չափազանց մեծ է:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ անցած երկու տարիներին վերահսկվել են գրեթե բոլոր նախարարությունները՝ բացառությամբ երկուսի, որոնք ընդգրկված են այս տարվա ծրագրում։ Վերահսկողության արդյունքում 21 գործ ուղարկվել է դատախազություն, բազմաթիվ օրենքներում, կառավարության որոշումներում առաջարկվել են փոփոխություններ:
Ըստ Ի. Զաքարյանի՝ այս տարի ՎՊ-ն հիմնականում կզբաղվի վարկային ծրագրերով։ Սկսվել է վերահսկողությունը 2010 թ.-ի ծրագրի շրջանակներում: Հիմնական թեմաներից լինելու են բուհական համակարգի ուսումնասիրությունը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների համակարգը։